23:12 Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գողին» | |
Անդրանիկ Սողոյանը, որին Չեխիայի տեղական մամուլը եւ քննիչներն անվանում են «օրենքով գող», մեղադրվել է սպանություն պատվիրելու մեջ, սակայն կարողացել է «պլստալ»: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Չեխիայի ոստիկանները, քննիչներն ու դատախազը ասում են, որ «շոկի մեջ են»: Իսկ պատմությունը հետեւյալն է. Ըստ մեղադրող կողմի, 2007 թվականին Անդրանիկ Սողոյանը ծրագրել է հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը, իբրեւ թե այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իր եկամտից գումար փոխանցել քրեականներին։ Այդ նպատակով Սողոյանը դիմել է մի խումբ հանցակիցների` չեչեններ Գիլանի Ալիեւին, Մագոմեդ Ալիեւին եւ հայեր Արսեն Կակոսյանին, Արսեն Առաքելյանին եւ Ռոման Մելքոնյանին։ Ալիեւները վարձել են ուկրաինացի քիլլեր Տիմուր Տրետյակովին, ով 2007 թվականի նոյեմբերի 13-ին քաղաքի կենտրոնում` Վացլավի հրապարակում դանակահարել է մի հայի, համոզված լինելով, որ նա է կամակոր գործարարը։ Հային չեխ բժիշկները հիվանդանոցում վիրահատել եւ փրկել են։ Մեղադրող կողմը պնդում է, որ այդ ձախողումից երկու շաբաթ հետո Տրետյակովը Առաքելյանից եւ Կակոսյանից տեղեկություն է ստացել, որ հայ գործարարը ապրում է Պրահայի Վինոհրադի թաղամասում եւ ունի «Բենթլի» մակնիշի շքեղ ավտոմեքենա։ Տրետյակովը այս անգամ էլ է սխալ թիրախ ընտրել եւ սպանել է երկու երեխաների հայր, վարորդ Ալեշ Հուշակին, ով, դժբախտաբար, այդ պահին հայտնվել է Վինոհրադիում «Սազկա» ընկերությանը պատկանող «Բենթլի» մեքենայով։ Անցյալ տարվա աշնանը դատարանը Տրետյակովին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Մինչդեռ, ըստ քննիչների, Անդրանիկ Սողոյանը 2008 թվականի հոկտեմբերին, ապա 2009-ի փետրվարին շարունակել է գործարար Ահարոնյանի սպանությունը կազմակերպելու փորձերը, ինչի համար երկու խումբ է կազմել։ Այս գործն ամիսներ շարունակ չեխերի ուշադրության կենտրոնում է։ Դրա համար լրացուցիչ խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ Պրահայի գերագույն դատարանը Սողոյանի փաստաբան Յուլի Կրամարժիչին արգելել է շարունակել ամբաստանյալի պաշտպանությունը` հայտարարելով, թե փաստաբանը փորձել է վկաներից մեկին կես միլիոն կրոնով (մոտ 30 հազար դոլար), կաշառել եւ կեղծ ցուցմունք տալ։ Փաստաբանը, ով ներքաշված է փախուստի մեջ գտնվող չեխ մեծահարուստ Ռադովան Կրեյչիռի հետ կապված սկանդալային պատմության մեջ, հերքել է մեղադրանքը, սակայն հայտնել է, որ հարգելու է դատարանի պահանջն ու այլեւս չի միջամտելու Սողոյանի գործին։ Նրա նոր փաստաբաններից Մարտին Կլիմոն դատարանում պնդել է, թե Սողոյանին չի կարելի համարել «օրենքով գող», որովհետեւ, ըստ քրեական աշխարհի կանոնադրության, «օրենքով գողը» չի կարող ընտանիք ունենալ, պարտավոր է մարմնին համապատասխան դաջվածքներ ունենալ, մինչդեռ, իր պաշտպանյալն ամուսնացած է, ունի երկու որդի, դաջվածքներ չունի եւ մինչ այդ ընդամենը մեկ անգամ Հայաստանում դատապարտվել է հանրօգուտ աշխատանքի: Երեկ դատարանը «վստահություն չներշնչող» է որակել առանցքային ականատեսի ցուցմունքները եւ ազատ է արձակել ոչ միայն Սողոյանին, այլեւ Գիլանի Ալիեւին, Արսեն Կակոսյանին եւ Ռոման Մելքոնյանին։ Մահոմեդ Ալիեւը, ով Չեխիայի քաղաքացի է, դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման` նենգաշորթության համար։ Իսկ Արսեն Առաքելյանը18 ամսվա ազատազրկման է դատապարտվել` ապօրինի զենք պահելու եւ վարորդական իրավունքը կեղծելու համար։ Նա նույնպես ազատ է արձակվում, որովհետեւ նախնական կալանքում մնացել է 18 ամիս։ «Փուչիկը պայթեց»,- դատավճռից հետո հայտարարեց Առաքելյանի փաստաբան Յարոսլավ Օրտմանը։ «Լսածիս չեմ հավատում։ Սա շատ անսպասելի վճիռ էր, չեմ թաքցնում, որ մենք հիասթափված ենք», - ասել է Պրահայի 6-րդ վարչական շրջանի քննչական խմբի ղեկավար Պավել Յուստը: | |
|