Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը համաձայն չէ այն մտքին, որ իր ֆիլմերի շնորհիվ հասել է հաջողության։ «Հաջողությունն ուրիշ բան է։ Ես հասել եմ մի շատ կարևոր բանի՝ անկախության», – այս լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը։
Չալդրանյանը համարում է իրեն հազվագյուտ անկախ արվեստագետ և շատ երջանիկ մարդ, քանի որ ստեղծագործում է։
Խոսելով երեկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրված իր ֆիլմի մասին՝ ռեժիսորն ասաց, որ դա քաղաքական ֆիլմ չէ։ Այս կոնտեքստում նա նաև նշեց, որ «Մաեստրոն» մարտի 1-ի իրադարձությունների մասին չէ։ Ըստ նրա՝ ֆիլմի սյուժեն ընդհամենը զարգանում է տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հիման վրա և «չունի ո՛չ սերժական, ո՛չ էլ լևոնական պիտակ»։
Միաժամանակ, նա հավելեց, որ իր ֆիլմերն իր սերնդակիցների մասին են, իսկ հերոսները՝ կոնկրետ ժամանակի հավաքական կերպարներ։
Ինչի՞ համար է կինո նկարում Վիգեն Չալդրանյանը։ «Միայն կինոյով եմ ես բացարձակ անկեղծ, այդ միջոցով եմ դուրս գալիս ներդաշնակության ճանապարհին», – ասաց նա՝ նշելով, որ կյանքում բացարձակ անկեղծ կարող է լինել միայն հոգեկան հիվանդը։
Չալդրանյանը կարծում է, որ եթե մարդ կյանքում բացարձակ անկեղծ լինի, ապա շուտով միայնակ կմնա։