Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Կիրակի, 22/10/2017
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 6 » Ռուբեն Հախվերդյանը դեմ չէ,որ իր երգերը կատարեն նաև թուրքերը,"Ինչո՞ւ է թաքնվում Ռուբեն Հախվերդյան"
11:56
Ռուբեն Հախվերդյանը դեմ չէ,որ իր երգերը կատարեն նաև թուրքերը,"Ինչո՞ւ է թաքնվում Ռուբեն Հախվերդյան"


"Hurriyet Daily News" պարբերականի օգոստոսի 3-ի համարում հրապարակված տեղեկության առիթով «Հայկական ժամանակ»–ի թղթակիցը զրուցել է երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Պարոն Հախվերդյան, "Hurriyet Daily News"-ում հրապարակում կա, որ թուրքական երաժշտական ընկերությունները նպատակ ունեն ձեռք բերել Ձեր երգերի հեղինակային իրավունքը և դրանք տարածել Թուրքիայում։ Կա՞ այդպիսի բան։

-Մի հատ երգ ունեմ՝ կոչվում է "Իմ իրավունքն այն է, որ ես իրավունք չունեմ"։ Հեղինակային իրավունքը առաջին հերթին մեզ մոտ է խախտվում, երբ լևի դիսկ են տպում։ Բայց եթե թուրքերը կարող են որակով ներկայացնել իմ երգերը, ինչո՞ւ ոչ, թող վերցնեն։ Եթե ռուսները կարող են իմ երգերը կատարել, սերբերը կարող են, ինչո՞ւ թուրքերը չկատարեն։ Ես այդ հարցազրույցում ասել եմ, որ ինձ համար կարևոր է մարդ արարածը, նրա հատկությունները։ Ազգայնականությունը սխալ բան է։ Ասել եմ, որ հայերը գողանում են թուրքական երգերը։ «Սև-սև աչերը» ո՞ւմ երգն ա։ Թուրք Իբրահիմի։ Ճիշտ եմ ասել, ասածիս տեր եմ։

-Հայաստանում Ձեր գործընկերները, երգիչները ինչպե՞ս են արձագանքել Ձեր ասածներին։

-Իմ ասածներից կարող է նեղանալ այն մարդը, որը հեռու է ճշմարտությունից, իր անձնական կարիքներն է լուծում, ես ոչ մի բան չեմ լուծում, ես ինչո՞ւ պետք է վախենամ։ Աստված մեծ ա, ինքը վերևից տեսնում ա ով ինչ ա ասում, ես որևէ հարցում՝ քաղաքական, թե տնտեսական, իմ ընտանեկան, թե կենցաղային հարցերում երբեք սուտ չեմ ասել, ու կարևոր չէ, թե ով ինչ է մտածում իմ մասին։ Ասել եմ էն, ինչը պետք է վաղվա սերնղին, որ հասկանան, որ զարգացած մարդն ավելի լավն է, քան տգետը, ու կապ չունի, թե նա ինչ ազգի է։ Կարևորը՝ չգողանաս, չխաբես։ Հայերը գողանում են թուրքական երգերը ու ոռնում են հայերեն լեզվով։ Բողոքելու իրավունք չունե՞ն թուրքերը։

-10 տարի է հայկական մշակույթի դեգրադացիա է գնում, ինչո՞ւ հիմա որոշեցիք խոսել այդ մասին։

-10 չէ, 20։ Միշտ էլ ասել եմ նույն բանը, երբ ինձ հարցրել են։ Երբ ես լսում եմ Կոմիտաս, մազերս բիզ-բիզ են կանգնում։ Ուրախությունից, ես հասկանում եմ, որ ես հայ եմ։ Իսկ սրանք երգում են թուրքական երգեր։

-"Hurriyet Daily News"-ին տված հարցազրույցում ասել եք, որ օտարացած եք Երևանից։ Ի՞նչն է պատճառը։

-Ես ինձ օտարացած չեմ զգում քաղաքից, երբեք։ Դա մշակույթից է։ Եթե քաղաքը հիվանդ է, ես պետք է բուժեմ, ես պետք է բուժեմ իմ երգերով։ Նոր փոխհարաբերություններն են հիվանդացրել քաղաքը։ Դա եղավ այն ժամանակ, երբ որ նյութական արժեքները գրավեցին հոգևոր արժեքների տեղը, փոխարինեցին հոգևորին։ Հայերը վառզով ուզեցան կապիտալիստ դառնալ ու որոշ թափթփուկներ սկսեցին ջահել կանանց հետևից ֆռֆռալ և այլն, կարծեցին, որ փողով ամեն ինչ կարելի է անել։

ՀՀՇ-ից սկսած մինչև հիմա կատարվում է նույն բանը։ Հիմա էլ մանր-մունր գործողությունները չեն օգնի, պետք է անել մեծ գործողություններ...Դրա համար գաղափարախոսներին խփեցին, Լեոնիդին, Մոնթեին... նրանք իմ ընկերներն էին։ Բացի հերոս լինելուց գաղափարախոս էին։ Ռուսական հետախուզությունը վերահսկում է գաղափարախոսներին։ Ես ինձ այդքան մեծ չեմ համարում, բայց մարդիկ են ինձ գաղափարախոս համարում։ Ես դրա համար եմ թաքնվում։

-Այսինքն Դուք վախենո՞ւմ եք Ձեր կյանքի համար։

-Ես պիտի ապրեմ, որ ապրեցնեմ, թե չէ մեծ հաճույքով ինքնասպան կլինեի, մեծ հաճույքով, երբեմն մտածում եմ։ Ես վախ չունեցող մարդ եմ, վախը իմ միջից սպրիչով հանած է։ Իրենք գիտեն դա։ Մենակ ես չեմ, մի երկու հոգի էլ կան։ Բայց ես իմ երգերով պիտի բուժեմ։ Մենք դժվար վիճակի մեջ ենք։ Բայց ես գիտեմ գաղտնիքը... Չեմ ասի, չպետք է ոչ մի հետախուզություն իմանա այդ մասին։ Մենք պիտի հայ մնանք, մենք պիտի հայերեն խոսենք։ Գիտե՞ս ինչու եմ երգեր գրում, որ հայերենը չմոռանանք։

-Միայն Ձեր երգերը կօգնե՞ն։

-Մենք էս ազգը կսարքենք ազգ։

-Ինչպե՞ս։

-Նժդեհը ո՞նց սարքեց։

-Նժդեհներ կգա՞ն։

-Անպայման, իրենք գալիս են ծանր պայմաններում։

-Հիմա ծանր չե՞ն պայմանները։

-Ահավոր, ավելի ծանր երբեք չի եղել։ Բայց պետք է մի քիչ էլ սպասենք։ Ու դու դեռ կարգին մարդու էլ կտեսնես, հերոսի էլ...

Կատեգորիա: Հայտնի մարդիկ | Դիտվել է: 1050 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: հայկական ժամանակ, Լեոնիդ, Մոնթե, երգեր, թուրքեր, Hurrieyet Daily News, Ռուբեն հախվերդյան | Վարկանիշ: 5.0/1