Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 29/03/2024
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 14 » ԱՄՆ-ում ձերբակալված «Օրենքով գող» Արմեն Ղազարյանին («Պզո») համեմատում են «Յապոնչիկի» հետ
13:57
ԱՄՆ-ում ձերբակալված «Օրենքով գող» Արմեն Ղազարյանին («Պզո») համեմատում են «Յապոնչիկի» հետ

    Ամերիկյան իշխանությունները բացահայտել են հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբավորման առաջնորդին՝ Արմեն Ղազարյանին ձերբակալել են Լոս-Անջելեսում: Ընդամենը ձերբակալվել են խմբի 73 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորումը գործում էր "Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն" գաղտնանվան տակ: Խոսքը հանցավոր խմբավորման անդամներ 34-ամյա Դավիթ Միրզոյանի ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանի մասին է:

Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:

"Օրենքով գող" Արմեն Ղազարյանը՝  "Պզո" մականունով, որին ձերբակալել են Լոս-Անջելեսում, առաջին "եվրասիական օրենքով գողն է", ում ձերբակալել են Միացյալ Նահանգներում այն պահից սկսած, երբ 1995-ին ԱՄՆ-ում ձերբակալվել էր Վյաչեսլավ Իվանկովը («Յապոնչիկ»): Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԻԿՈ օրենքի շրջանակներում` կազմակերպված հանցավոր գործունեություն իրականացնելու համար:

"Պզոյի" գործով հետաքննությունը ձգվել է մոտ մեկ տարի, մինչդեռ ամերիկյան դատախազության տվյալներով, հայկական մաֆիան ԱՄՆ-ում է հաստատվել 4 տարի առաջ: 

Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, խմբավորման ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, պարբերաբար այցելել մեր երկիր եւ անշարժ գույք գնել ԱՄՆ-ում հանցավոր եղանակով ստացված գումարներով: Բհարարան այդ խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը: Բհարարան հրաժարվել է պատասխանել հարցին, թե, արդյոք, Հայաստանի կամ այլ երկրների իրավապահներն աջակցություն ցուցաբերե՞լ են ամերիկյան գործընկերներին` գործի քննության ընթացքում:

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտվել է: 3407 | Հեղինակ: Vahe | Թեգեր: Արմեն Ղազարյան, Օրենքով գող, ԱՄՆ, Յապոնչիկ, Cosa Nostra, ՌԻԿՈ օրենք, Հայաստան, Պզո, Լոս-Անջելես, Վյաչեսլավ Իվանկով | Վարկանիշ: 5.0/3