Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Երեքշաբթի, 26/09/2017
Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, ողբում եմ քեզ...
17:51
Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, ողբում եմ քեզ...
 

Էս ամենը կարդալով, լսելով ու տեսնելով մի բան ա մտքիս գալիս...

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ 
ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։


Հղումներ`
1.Youtube-ում հայտնվել է հայոց և վրաց կաթողիկոսների հանդիպման տեսանյութը http://www.tert.am/am/news/2011/07/07/garegin-ilia/

2. Տեսանյութը խեղաթյուրված է ներկայացնում կաթողիկոսների մտերմիկ զրույցը. Մայր Աթոռ (տեսանյութ)

3. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (V Դ.)-  ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ, "ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈԻՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ՝ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ ԴԱԴԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ"
Կատեգորիա: Հայաստան | Դիտվել է: 7971 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: Ամենայն հայոց կաթողիկոս, Գարեգին Բ-ի և Իլիա 2-րդի հանդիպման , Ողբում եմ քեզ, Ողբ | Վարկանիշ: 5.0/2