14:18 Բրիթնի Սփիրսի ծամած ծամոնը, Շերի սև կրծկալը,Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, Փրեսլիի մազափունջը, Ամենախելահեղ աճուրդային լոտերը | |
Երկրպագուները հանուն իրենց կուռքերի շատ բանի են պատրաստ։ Նրան ամեն ինչ անում են իրենց պաշտելի աստղի կողքին լինելու համար, իսկ եթե դա անհնար է, փորձում են նրանից գոնե ինչ-որ մասնիկ ունենալ, և դրա համար փող չեն խնայում։ Հոլիվուդյան հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոյի կյանքի ամենանշանակալի օրերից մեկը 1962թ. մայիսի 19-ն էր, երբ նա կատարեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը։ Այն նվիրված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին։ Այդ օրը նրա կրած զգեստը աճուրդում վաճառվել է 1,27 մլն դոլարով։ Սակայն Մոնրոյի միայն հագուստը չէ, որ նման պահանջարկ ունի։ Նրա կրծքավանդակի ռենտգենի երեք նկարները վերջերս վաճառվել են 45 հազար դոլարով։ 2000-ականների սկզբին սկանդալային փոփ աստղ Բրիթնի Սփիրսը գտնվում էր ճանաչման գագաթնակետին։ Նա այնքան հայտնի էր, որ նույնիսկ նրա ծամած ծամոնը 2002թ. eBay աճուրդում վաճառվել է 14 հազար դոլարով։ Դերասանուհի և երգչուհի Շերի սև կրծկալը բաժին է հասել Hard Rock Hotel ցանցի ներկայացուցիչներին։ Աստղային կրծկալը ձեռք է բերվել Լաս Վեգասում ներքնազգեստի ցուցադրության համար։ Շերի ներքնազգեստի արժեքը չի նշվում, սակայն հայկական արմատներ ունեցող աստղը վստահեցնում է, որ այդ գումարի մեծ մասը տրամադրվել է բարեգործությանը։ Էլվիս Փրեսլիի երկրպագուն վճարել է 15 հազար դոլար իր սիրած երգչի մազափնջի դիմաց։ Ավելի խելահեղ լոտ է եղել Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի շնչով լեցուն շիշը, որը վաճառվել է 530 դոլարով։ Լեգենդար Ջոն Լենոնի թալիսման վզնոցը, որով նա նկարահանվել է Յոկո Օնոյի հետ իր առաջին համատեղ Two Virgins ալբոմի շապիկի համար, վաճառվել է 528 հազար դոլարով GottaHaveRockandRoll.com կայքի օնլայն աճուրդում։ 2000թ. Նյու Յորքում անցկացված շոուի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը չէր հասցրել մինչև վերջ ուտել ֆրանսիական տոստը, և աստղային ավելցուկը աճուրդում վաճառվել է 3 հազար դոլարով։ Իսկ Մայքլ Ջեքսոնի՝ թանկարժեք քարերով զարդարված կուլտային ձեռնոցը վաճառվել է 160 հազար դոլարով։ | |
|