15:07 Բարբարոսնե՛ր, ինչո՞ւ եք լռում Հայոց ցեղասպանության մասին. թուրքերին հարցրել է Կուստուրիցան ու հեռացել Թուրքիայից | |
Հոկտեմբերի 9-ին Անթալիայի "Ոսկե նարինջ" միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաք էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` մինչև իր ժամանումը և դրանից հետո ռեժիսորի հասցեին Թուրքիայում քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից: Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարություններին և Թուրքիայում իր դեմ սկսված արշավը որակելով որպես «բարբարոսություն»` աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարել է. "Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին",- հայտարարել է Էմիր Կուստուրիցան: Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ինչպես նաև Սեմիհ Քափլանօղլուն հայտարարել էին, որ չեն մասնակցելու "Ոսկե նարինջ" կինոփառատոնին, որովհետև այնտեղ է Կուստուրիցան: "Մենք բոլորս կարևորում ենք Անթալիայի կինոփառատոնը: Ես` որպես նախարար, միշտ աջակցել եմ այդ միջոցառմանը: Մեկ այլ առիթով Անթալիա կգնամ, սակայն կինոփառատոնին չեմ մասնակցի, որովհետև այնտեղ է Էմիր Կուստուրիցան: Վերջինս Բալկաններում պատերազմի ժամանակ ոչ միայն դուրս է եկել սեփական ժողովրդի զգացմունքների դեմ, այլև ընդհանուր մարդկային արժեքների հարցում որդեգրել է բացասական, անհասկանալի, հակակրելի գործելաոճ: Իսկ դա բոլորիս է վշտացրել: Ես պատերազմի ընթացքում այցելել եմ Բոսնիա: Չեմ կարող անտեսել հանրության ձայնը և այդ պատճառով փառատոնին չեմ մասնակցելու",- հայտարարել էր թուրք նախարարը: Իսկ ավելի վաղ Թուրքիայի "Արդարություն և զարգացում" իշխող և "Ազգայնական շարժում" ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պահանջել էին Կուստուրիցային հանել "Ոսկե նարինջ" կինոփառատոնի ժյուրիի կազմից: | |
|