Բարի Գալուստ, Ալցելու! Գրանցվել RSS

Արմեն Խաչիկյանի բլոգ

Ուրբաթ, 19/04/2024
Գլխավոր » 2010 » Հուլիս » 16 » Սեռական կողմնորոշումը` հիվանդությո՞ւն "Մի համասեռամոլի պատմություն"
17:22
Սեռական կողմնորոշումը` հիվանդությո՞ւն "Մի համասեռամոլի պատմություն"

19-ամյա Արգամի (ազգանունը չի ուզում նշել) արտաքինն էականորեն տարբերվում է հայ տղաների մեծամասնության արտաքինից: Նա երկար, շեկ ներկած մազեր ունի, խնամում է հոնքերը, հաճախ սեւ է ներկում աչքերը, երկարացնում է ձեռքերի մատների եղունգները:

Արգամը միասեռական է եւ, վախենալով պահպանողական հասարակության շրջանում խտրականության դրսեւորումներից, երկար ժամանակ թաքցրել է իր սեռական կողմնորոշումը, քողարկվելով էմո երիտասարդական ուղղության ներքո:

Սակայն, երբ մեկ տարի առաջ լրացել է նրա 18 տարին, ու նա բանակ գնալու հետազոտությունների է գնացել, խոստովանել է իր սեռական կողմնորոշման մասին` ինչի շնորհիվ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Ընդ որում, Արգամի զինվորական գրքույկում նրա սեռական կողմնորոշումը դիտարկվել է որպես հիվանդություն. «Առընթեր հանձնաժողովը ըստ հիվանդությունների ցուցակի առաջին սունյակի 6 բ հոդվածի ճանաչել է ոչ պիտանի ծառայության խաղաղ ժամանակ) (ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի համար 378 հրաման)»:

Նշված հրամանով սահմանվում է հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկներին տրամադրում է տարկետում կամ ազատում պարտադիր զինվորական ծառայությունից:

Սակայն, Արգամի հիվանդության անվանումը հնարավոր չեղավ պարզել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի 2006 վականի մարտի 30-ի թիվ 378 հրամանով սահմանվող «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը» եւ դրա 1 եւ 2 հավելվածները նախարարությունը մինչ այժմ լրատվամիջոցներին չի տրամադրել, քանի որ «դրանք նախատեսված են ծառայողական օգտագործման համար»:

Իր սեռական կողմնորոշումը բացահայտելուց հետո, Արգամը չի կարողացել աշխատանք գտնել ու արդեն գրեթե մի տարի է զբաղվում է մարմնավաճառությամբ:

«Ես մասնագիտությամբ ֆլորիստ-դիզայներ եմ, հետո ինչքան տեղ դիմեցի իմ մասնագիտությամբ աշխատելու, չընդունեցին, չեն ասում մազերիդ, շորերիդ համար ա, ասում են կզանգենք, բայց մինչեւ հիմա զանգում են: Ֆակտ երեւում ա, որ էդ ա պատճառը, իսկ ես էլ առանց մազերի ու շորերի չեմ կարա ապրեմ», - պատմում է Արգամը, ով աշխատանք չունենալու պատճառով որոշում է այցելել Հայաստանում միասեռականների հայտնի հանդիպման վայրերից մեկը:

Հայաստանում LGBT համայնքի (լեսբուհիներ-գեյեր-բիսեքսուալներ-տրանսգենդերներ) վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Պաշտոնական վիճակագրական տվյալներ կան ընդամենը տղամարդկանց հետ հարաբերություն ունեցող կամ գոնե մեկ անգամ ունեցած տղամարդկանց թվի վերաբերյալ: Այսպես` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով Հայաստանում իրար հետ հարաբերվող 12 000 տղամարդ կա:

Մոտավոր պատկեր է կարելի է ստանալ նաեւ ՄԱԿ-ի` աշխարհում ընդհանուր համարվող տվյալներով, որոնց համաձայն` ամեն երկրում LGBT համայնքը կազմում է բնակչության թվի 4-7 տոկոսը:

Հայաստանի LGBT համայնքի ներկայացուցիչների հայտնի հանդիպման վայրերից մեկը Երեւանի քաղաքապետարանին հարող Մանկական զբոսայգին է: Այդ այգուն հարող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա էլ երեկոյան 10-11-ից հետո սկսում են կանգնել առեւտրային սեքսով զբաղվող տրանսվեստիտները:

«Սկսեցի շուտ-շուտ գնալ Կոմայգի (մանկական այգին նաեւ իր հին անունով` Կոմայգի են կոչում), տրանսվեստիտների հետ շփվել ու մի օր ասեցի` էրեխեք, գործ չեմ կարում գտնեմ, կարամ գամ ձեր հետ կանգնեմ: Ասեցին` հարց չկա, բայց զգույշ պիտի լինես, ստեղ վտանգավոր ա», - պատմում է Արգամը, ով սկսում է Ռեզա մականունով ու կնոջ գիշերային հագուկապով կանգնել Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա որպես մարմնավաճառ:

«... ահավոր բաներ ա լինում` վազոցի, երբ տարբեր տղաները հետեւիցդ են ընկնում, որ բռնեն, կարան խփեն, ծեծեն, կարան գազվի ատրճանակով գազ փչեն աչքերիդ»,-պատմում է նա:

Նույնասեռականները նշում են, որ չնայած մարմնավաճառությունը Հայաստանում արգելված է, ոստիկանությունը հազվադեպ է նույնասեռական մարմնավաճառներին խանգարում: Ավելին` նրանք այգում պահպանում են հասարակական անդորրն ու վտանգի դեպքում նույնասեռականները կարող են դիմել ոստիկանների օգնությանը:

«Բայց եթե մեզ հայհոյում են կամ վիրավորում, ոստիկանները ոչ մի բան չեն անում»,- նշում է Արգամը` արդարանալով, որ իրենք դրանից միայն ագրեսիվ են դառնում ու սկսում գիշերվա ժամերին խանգարել հասարակական անդորրը հայհոյանքներով ու աղաղակներով:

ՀՀ ոստիկանությունում, սակայն, պաշտոնապես տեղեկացնում են, որ մինչեւ գիշերվա 02:00-ը Մանկական այգում հսկողություն իրականացնող ոստիկանների օգնությանը նույնասեռականները չեն դիմել երբեւէ, այդ պատճառով էլ համապատասխան աջակցություն չեն ստացել:

Թեպետ Հայաստանի Հանրապետությունը 2008 թվականից սկսած սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանը վերաբերող մի քանի միջազգային պայմանագրեր է վավերացրել` LGBT համայնքը շարունակում է անհանդուրժողականության մթնոլորտում ապրել:

Հայաստանում, այդ թվում LGBT համայնքի ներսում սեռավարակների տարածումը կանխելու գործունեությամբ զբաղվող Public Information and Need of Knowledge (PINK) ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանն ասում է` հիմնական խնդիրը հայ հասարակությունում տարածված կարծրատիպերն են, ինչի հետեւանքով միասեռականները հիմնականում թաքնված կյանքով են ապրում:

«Անհանդուրժողականությունը սկսվում է հիմնականում ընտանիքից, հայերը չեն հասկանում, որ դա մարդու սեռական կողմնորոշում է, այլ ոչ թե ձեռքբերովի հիվանդություն», - նշում է Հովսեփյանը:

Այդ պատճառով է, օրինակ, որ 26-ամյա երկսեռական Վահանը (ազգանունը չի ուզում նշել), իր ծնողների առջեւ ինքն իրեն չի բացահայտել. «Ծնողներս խիստ պահպանողական են, նրանք ինձ երբեք չեն հասկանա: Իսկ աշխատավայրում, օրինակ, իմ կողմնորոշման մասին գիտեն ու ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ»:

Վահանը, ի տարբերություն շատերի, հաջողակ է, աշխատանք ունի: Գործատուների մեծ մասը LGBT համայնքի ներկայացուցչի սեռական կողմնորոշման մասին իմանալուն պես նրան հեռացնում է աշխատանքից:

«Ես կամավոր եմ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ում, ու մենք աշխատում ենք, որ մեր համայնքի երեխեքին աշխատանքից հեռացրած գործատուներին ստիպենք նրանց ետ վերցնել աշխատանքի: Իհարկե, հետ վերցնում են, բայց հաստատ, հետո մի պատճառ գտնում են` նորից հեռացնելու համար, ասում են լավ չի աշխատում կամ մի բան սխալ է արել», - նշում է Վահանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր հերթին առանձին վիճակագրություն չունի Հայաստանում LGBT համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ` դրանց մասին պաշտպանին ուղղված դիմումների բացակայության պատճառով:

«Մեզ դիմում են միայն կցկտուր մեղադրանքներով` ասենք, որ իրենց արհամարհում են, անտեսում են, կոնկրետ որեւէ բան չկա», - ասում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորյանցը:

«Հայկական հոգեկերտվածքի առանձնահատկությունից ելնելով` անհանդուրժողականությունը միասեռականների նկատմամբ Հայաստանում առկա է, բայց իրավական խախտումներ նրանց հանդեպ չեն լինում կամ մեզ չեն դիմել նման խախտումի կապակցությամբ», - հավելում է նա:

PINK-ի ղեկավար Հովսեփյանի գնահատմամբ` մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի տասնյակ միասեռականները` հիմնականում այլ աշխատանք չունենալու պատճառով են այդ ուղին բռնել. «Իհարկե կան միասեռականներ, ում համար դա հոբբի է, բայց հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով են այդ գործով զբաղվում»:

Մինչդեռ աշխատավայրում սեռական կողմնորոշումը թաքցնելը ոչ բոլորին է հաջողվում: Թաքնվելը դժվար է հատկապես Արգամի ու իր նմանների համար, ում կողմնորոշումը արտահայտվում է նաեւ նրանց արտաքինի միջոցով. «Անհնար ա, որ մի տեղ սկսես աշխատել ու քո գեյի հատկությունը ցույց չտաս, աստիճանաբար բացահայտում ես քեզ ու էլ աշխատանք չես ունենում: Դրա համար ստիպված գնում ենք էս գործին:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտվել է: 2691 | Հեղինակ: Khachikyan | Թեգեր: միասեռամոլ, համասեռամոլություն | Վարկանիշ: 5.0/2